Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը հեղինակային հոդված է հրապարակել «Արմենպրես» հայկական լրատվական գործակալությունում «Պահպանել հիմնարար սկզբունքները և ներդնել նորարարություններ, հասնել նոր ձեռքբերումների և աշխատել միասին ՉԺՀ և ՀՀ բարեկամության նոր փուլի ճանապարհին» թեմայով։
2024-01-11 13:46

2024 թվականի հունվարի 9-ին Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնը հեղինակային հոդված է հրապարակել  «Արմենպրես»  հայկական լրատվական գործակալությունում «Պահպանել հիմնարար սկզբունքները և ներդնել նորարարություններ, հասնել նոր ձեռքբերումների և աշխատել միասին ՉԺՀ և ՀՀ բարեկամության նոր փուլի ճանապարհին» թեմայով։ Հոդվածն ամբողջությամբ ներկայացված է ստորև․

2023 թվականին Չինաստանի և Հայաստանի միջև համագործակցությունը զանազան ոլորտներում նոր հաջողություններ է գրանցել, տարբեր մակարդակներում փոխանակումներն ավելի են ընդլայնվել։ 2024 թվականին լրանում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 75-ամյակը, ինչպես նաև Չինաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 32-ամյակը։ Նայելով ապագային՝ երկու կողմերի համագործակցությունը բացում է նոր հեռանկարներ՝ առաջ քաշելով ավելի մեծ հնարավորություններ։

2023 թվականի վերջին Պեկինում տեղի ունեցավ արտաքին գործերի Կենտրոնական աշխատանքային խորհրդակցությունը, որի ընթացքում նախագահ Սի Ծինփինը համակարգված կերպով ամփոփեց երկրի պատմական ձեռքբերումներն ու չինական սպեցիֆիկայով դիվանագիտության արժեքավոր փորձը նոր դարաշրջանում: Նա խորապես ուրվագծեց նոր ուղու վրա արտաքին գործերի առջև կանգնած  միջազգային իրադրությունը և պատմական առաքելությունը, ինչպես նաև ներկայացրեց Չինաստանի ներկայիս և ապագա դիվանագիտության համապարփակ նախագիծը։

Զարգացման նոր ուղու վրա չինական դիվանագիտությունը կմտնի նոր փուլ, ինչը կարող է ավելի շատ օգուտներ բերել ողջ աշխարհին, համապատասխանել չինական ոճով արդիականացման նպատակներին և խնդիրներին, հավատարիմ մնալ ինքնավստահության, բաց լինելու և ներառականության, արդարության և փոխշահավետ համագործակցության սկզբունքներին: Կենտրոնացնելով ուշադրությունը մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի կառուցմանը նպաստելու հիմնակետի վրա՝ մենք պետք է ձգտենք առաջընթացի, միևնույն ժամանակ, պահպանելով կայունությունն ու ամբողջականությունը, նորարարություններ ներդնենք, ինչպես նաև անդադար նոր հորիզոններ ու դրույթներ  ստեղծենք  չինական դիվանագիտության համար։

Մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի կառուցումը Սի Ծինփինի դիվանագիտական մտքերի հիմնական կոնցեպցիան և չինական դիվանագիտության վեհ նպատակն է: Սա Չինաստանի խորը ընկալումն է մարդկային հասարակության բնականոն զարգացման օրենքի վերաբերյալ և չինական պատասխանն է հարցին՝ թե ինչպիսի աշխարհ կառուցել և ինչպես կառուցել այն: Այն մարմնավորում է չին ժողովրդի աշխարհայացքը, հայացքը կարգերի ու արժեքների վրա, որոնք համապատասխանում են բոլոր երկրների մարդկանց համընդհանուր ձգտումներին և ի ցույց են դնում համաշխարհային քաղաքակրթության առաջընթացի ուղղությունը:

Մարդկության համար ընդհանուր ապագա ունեցող համայնքի կառուցումը նպատակաուղղված է ստեղծել կայուն խաղաղություն, համապարփակ անվտանգություն, ընդհանուր բարգավաճում, բաց հասարակություն և ներառականություն, ինչպես նաև կերտել մաքուր և գեղեցիկ աշխարհ, նպաստել գլոբալ կառավարմանը՝  հիմնված լայնածավալ քննարկումների, համատեղ ներդրման և ընդհանուր շահերի վրա՝ որպես համընդհանուր ուղեցույց, խթանել նոր տեսակի միջազգային հարաբերությունների կառուցումը՝ որպես  հիմնական հենարան, իրականացնել զարգացման գլոբալ նախաձեռնությունները՝ որպես ռազմավարական ուղղություն։ Բարձրորակ համագործակցությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում կմիավորի բոլոր երկրների ջանքերը մարտահրավերներին դիմակայելու, ընդհանուր բարգավաճման հասնելու համար և դրանով իսկ կբացի լուսավոր ապագա՝ հանուն խաղաղության, անվտանգության, բարգավաճման և առաջընթացի:

Ներկայումս աշխարհը սրընթաց փոփոխությունների է ենթարկվում․ աշխարհի, դարաշրջանի և պատմության փոփոխությունները զարգանում են աննախադեպ կերպով, աշխարհը թեւակոխում է դինամիկ փոփոխությունների նոր շրջան։ Ի պատասխան ժամանակակից աշխարհի առջև կանգնած մի շարք կարևոր խնդիրների և մարտահրավերների՝ Չինաստանը հանդես է գալիս որպես հավասար և կանոնավոր բազմաբևեռ աշխարհի և համապարփակ տնտեսական գլոբալիզացիայի կողմնակից: Հավասար և կանոնավոր բազմաբևեռ աշխարհը ենթադրում է պահպանել բոլոր մեծ և փոքր երկրների հավասարությունը, հակադրվել հեգեմոնիզմին և ուժային քաղաքականությանը, արդյունավետորեն նպաստել միջազգային հարաբերությունների ժողովրդավարացմանը, համատեղ հավատարիմ մնալ ՄԱԿ-ի կանոնադրության նպատակներին և սկզբունքներին, համընդհանուր հակված լինել միջազգային հարաբերությունների հանրաճանաչ  հիմնարար նորմերին և իրական բազմակողմանիության իրականացմանը:

Հանրամատչելի և ներառական տնտեսական գլոբալիզացիան այնպիսի գլոբալիզացիա է, որը բավարարում է բոլոր երկրների, հատկապես զարգացող երկրների ընդհանուր կարիքները և համարժեքորեն լուծում է միջպետական և ներերկրային զարգացման անհավասարակշռությունները, որոնք առաջանում են ռեսուրսների գլոբալ բաշխումից: Կարևոր է վճռականորեն հակադրվել գլոբալիզացիան հետ շրջելու և անվտանգության հայեցակարգը չարաշահելու փորձերին, դեմ հանդես գալ միակողմանիության և պրոտեկցիոնիզմի բոլոր ձևերին, վճռականորեն նպաստել առևտրի և ներդրումների ազատականացմանն ու դյուրացմանը, հաղթահարել համաշխարհային տնտեսության կայուն զարգացմանը խոչընդոտող կառուցվածքային մարտահրավերները և առաջ տանել տնտեսական գլոբալիզացիան ավելի բաց, ներառական, հանրամատչելի և հավասարակշռված ուղղությամբ:

Ե՛վ Չինաստանը, և՛ Հայաստանը զարգացող երկրների և «Գլոբալ հարավ» ճամբարի «ընտանիքի անդամներ» են, ունեն խաղաղության, կայունության, զարգացման և բարգավաճման ընդհանուր ձգտում, ունեն նույն կամ համանման տեսակետներ և պահանջներ ներկայիս միջազգային կարգի և գլոբալ կառավարման վերաբերյալ։ Երկու կողմերն էլ պատրաստ են ավելի մեծ ներդրում ունենալ համաշխարհային խաղաղության ապահովման և ընդհանուր զարգացման խթանման գործում։

Հայաստանն առաջին երկրներից էր, որ արձագանքեց և մասնակցություն ունեցավ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեղ կառուցմանը։ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի համատեղ կառուցման շրջանակներում երկու երկրների համագործակցության պտուղները զգալիորեն բարելավել են հայ ժողովրդի կենսապայմանները, նպաստել տարածաշրջանային կապին և խթանել կովկասյան տարածաշրջանի երկրների տնտեսական և սոցիալական զարգացմանը։ Վերջերս Հայաստանը առաջ քաշեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, չինական կողմը աջակցում է տարածաշրջանային խաղաղությանը և տրանսպորտի ապաշրջափակմանը նպաստող դիվանագիտական բոլոր ջանքերին և պատրաստ է ակտիվորեն ուսումնասիրել Հայաստանի ենթակառուցվածքների արդիականացմանը մասնակցելու հնարավորությունը «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։

«Երկրների միջև հարաբերությունները հիմնված են ժողովուրդների փոխըմբռնման վրա, իսկ ժողովուրդների փոխըմբռնումը հիմնված է համոզմունքների նմանության վրա»: Ե՛վ չին ժողովուրդը, և՛ հայ ժողովուրդը խաղաղասեր են, բաց և ընկերասեր։ Երկու երկրների ժողովուրդների ավանդական բարեկամությունը, որը հիմնված է փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա, ունի երկար պատմություն։ Չինարեն լեզվի և չինական մշակույթի ուսումնասիրությունն ավելի մեծ տարածում է գտնում հայ հասարակության մեջ, և տարեցտարի ավելանում է երկու երկրների փոխանակման ծրագրերին դիմող ուսանողների թիվը։

Որպես հին քաղաքակրթություններ՝ Չինաստանը և Հայաստանը խորը հիմք ունեն փոխադարձ մշակութային փոխանակման համար,  երկու կողմերն էլ պետք է էլ ավելի ամրապնդեն երկխոսությունը քաղաքակրթությունների և մարդասիրական փոխանակումների միջև, որպեսզի ստեղծեն նոր վառ իրադարձություններ, որոնք կամրապնդեն կապը ժողովուրդների միջև: Միջազգային համագործակցությունը Չինաստանի և Հայաստանի երկկողմ հարաբերությունների կարևոր մասն է։ Չինաստանը պատրաստակամ է ամրապնդել հայկական կողմի հետ հաղորդակցությունն ու համակարգումը միջազգային կազմակերպությունների և բազմակողմ մեխանիզմների հարթակներում, ինչպիսիք են ՄԱԿ-ը, հավատարիմ մնալ իրական բազմակողմանիությանը, հակադրվել հեգեմոնիզմին և ուժային քաղաքականությանը, հակասել միմյանց ներքին գործերին ցանկացած պատրվակով որևէ ուժերի միջամտությանը և նպաստել միջազգային կարգի զարգացմանն ավելի արդար և ողջամիտ ուղղությամբ։

2024 թվականը, ըստ չինական լուսնային օրացույցի, Վիշապի տարի է: Վիշապը տոտեմ է, չին ազգի մշակույթի յուրահատուկ խորհրդանիշը, դրական զարգացման, հաջողության և առաջխաղացման խորհրդանիշ: Նոր տարում մենք հուսով ենք Հայաստանի մեր ընկերների հետ համատեղ ջանքեր գործադրել, որպեսզի վիշապի ուժով ու եռանդով նպաստենք «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի համատեղ բարձրորակ կառուցմանը և մեծ արդյունքների հասնենք համագործակցության մեջ այդ նախաձեռնության շրջանակներում։ Նաև հույս ունենք, որ «Երեք գլոբալ նախաձեռնությունները» իրենց պտուղները կտան Հայաստանում՝ նպաստելով Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամական համագործակցության նոր մակարդակի բարձրացմանը և օգուտ բերելով երկու երկրների ժողովրդներին։